Փարիզում, դեկտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրել է Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Խորհրդակցությանն անդրադարձ է արվել Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփել 2013թ. կատարված աշխատանքները եւ համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպմանը հատուկ ընդգծվել է եվրոպական երկրների եւ կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարեւորությունը, անդրադարձ է արվել դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի նշանակությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում եւ դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։