Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաեւ խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաեւ հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:
Մայրաքաղաքում տեղացած ձյան հետեւանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը խստորեն հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել մայթերի եւ բակային տարածքների, ինչպես նաեւ աստիճանահարթակների մաքրման աշխատանքների ընթացքը: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:
«Կատարված աշխատանքները դեռեւս բավարար չեն: Դեռ բավական անելիքներ կան հատկապես բակային տարածքների, մայթերի եւ աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Անշուշտ, խիստ ցածր ջերմաստիճանի պայմաններում ստեղծվում են լրացուցիչ դժվարություններ եւ խոչընդներ, սակայն պետք է շարունակել ամենօրյա աշխատանքն ու մեր քաղաքացիների համար ապահովել համապատասխան պայմաններ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաեւ հանձնարարել է տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում, ձնամաքրման համապատասխան աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով, նախապատարաստել անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ եւ համայնքային ենթակայության ձեռնարկությունների մեքենասարքավորումներին զուգահեռ, այդ աշխատանքներում ներգրավել նաեւ շինարարական կազմակերպությունների համապատասխան տեխնիկան:
Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ավտոճանապարհների շինարարության երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ եւս մանրակրկիտ ուսումնասիրել եւ դրանից հետո միայն վերջնականապես ներկայացնել փաթեթը:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կողմից 2013 թվականի ընթացքում սիրիահայ հարյուրավոր ընտանիքների, ըստ անհրաժեշտության, ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ սոցիալական եւ առողջապահական: Սիրիահայերն ակտիվորեն ներգրաված են եղել նաեւ կրթական-մշակութային տարբեր ծրագրերում:





























