2003թ. մերձդնեստրյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքելուն խանգարել են «դիվական ուժերը»: Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը:
«Ես չեմ ցանկանում ասել, թե սատանան էր միջամտել: Սակայն ինչ-որ դիվական ուժեր հաստատ այդ ամենի դեմ էին աշխատում, ասել է նախկին նախագահը: — Թվում էր` ամեն ինչ ավարտված է, վաղը ստորագրում ենք, սկսում աշխատել: Ոչ, մի գիշեր անց ամեն ինչ փոխվեց»:
Վորոնինի այս հայտարարությունն ընդգրկվել է «Մերձդնեստր. Ռուսական ֆորպոստ» փաստագրական ֆիլմում, որը ցուցադրվել է ռուսական ՆՏՎ հեռուստաալիքով, հայտնում է lenta.ru-ն:
Իր հերթին ՌԴ փոխվարչապետ, Մերձդնեստրի հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Մոլդովայի նախագահը ստորագրելուց հրաժարվել էր ամերիկացի դեսպանի հետ զրույցից հետո:
Համաձայնագիրը նախատեսում էր Մերձդնեստրի մնալը Մոլդովայի կազմում` որպես դաշնության սուբյեկտ: Ընդ որում, Մերձդնեստրը պահպանում էր դաշնային պետությունից դուրս գալու իրավունքը, եթե Մոլդովան «կորցներ իր ինքիշխանությունը»: Ծրագրի պայմաններից մեկը ապագա ֆեդերացիայի ապառազմականացումն էր, ընդ որում` մինչեւ 2020թ. տարածքում պետք է ռուսական զորքեր տեղակայվեին:
Մոլդովայի այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Վորոնինը հրաժարվել էր հուշագիր ստորագրելուց` «դաշնային Մոլդովայում» ռուսական զորքերի ներկայության կետի հետ անհամաձայնության պատճառով:





























