30-ամյա Ռուստամ Ս.-ն ամուսնությունից առաջ ընկերուհուց մերժում ստանալուց հետո պահանջել է հետ վերադարձնել նրա վրա ծախսված 2 միլիոն դրամը: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Ռուստամ Ս.-ն մոտ մեկ ժամ տեւողությամբ Գոհար Կ.-ին ապօրինի զրկել է ազատությունից՝ պահանջելով վերադարձնել 2012թ. օգոստոսից մինչեւ 2013-ի օգոստոսի 4-ը նրան պարտքով տված մոտ 2 մլն դրամ գումարները:
Նախաքննական մարմնի կողմից Ռուստամ Ս.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա եւ Գոհար Կ.-ն 2012-ի օգոստոսից մինչեւ 2013-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում եղել են մտերիմ հարաբերությունների մեջ եւ ցանկացել են ամուսնանալ: Ընկերական հարաբերությունների ընթացքում Ռուստամ Ս.-ն ծախսելու նպատակով տարբեր չափերի գումարներ է տվել Գոհար Կ.-ին, մասնավորապես վերջին անգամ նրան տվել է 20 հազար դրամ` հագուստներ գնելու նպատակով, իսկ մկրտվելու կապակցությամբ նրան նվիրել է ոսկյա խաչ եւ շղթա:
Նրանք հաճախակի հանդիպել են Ռուստամ Ս-ի կողմից Երեւանում վարձակալած բնակարանում: Դեպքից շուրջ մեկ ամիս առաջ Գոհար Կ.-ն զգալով, որ իրենք անհամապատասխան զույգեր են, Ռուստամին հայտնել է, որ այլեւս չի ցանկանում նրա հետ շփվել:
Այդ լսելով Ռոստամ Ս.-ն Գոհարից պահանջել է վերադարձնել կատարած բոլոր ծախսերը եւ տրամադրված գումարները: Հարաբերությունները պարզելու նպատակով նրանք տաքսի ավտոմեքենայով գնացել են Ռուստամ Ս.-ի կողմից վարձակալած բնակարան, որտեղ ներս մտնելուց հետո Ռուստամ Ս.-ն բանալիով փակել է մուտքի դռան փականը եւ բանալին դրել տաբատի գրպանում: Այդ բնակարանի ննջասենյակում զրուցելու ժամանակ Ռուստամ Ս.-ն կրկին պահանջել է վերադարձնել նվերները եւ գումարները, որոնք ըստ նրա հաշվարկի, կազմել են շուրջ 2 միլիոն ՀՀ դրամ, սակայն Գոհար Կ.-ն գումարի չափի հետ չի համաձայնել ու նրանց միջեւ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Ռուստամ Ս.-ն ձեռքերով հարվածել է աղջկա մարմնի տարբեր մասերին ու նրան պատճառել ֆիզիկական ցավ:
Միաժամանակ Ռուստամ Ս.-ն Գոհար Կ.-ին հայտնել է, որ նա այնքան ժամանակ կմնա այդ բնակարանում, քանի դեռ չի լուծվել գումարների վերադարձման հարցը: Այնուհետեւ Գոհար Կ.-ն մտել է նշված բնակարանի զուգարան, որտեղից բջջային հեռախոսով զանգահարել է իր հոր ընկերոջը` Կարեն Ն.-ին, բացատրել իրավիճակը, գտնվելու վայրը եւ խնդրել օգնել իրեն բնակարանից դուրս գալու հարցում: Կարեն Ն.-ն ցանկացել է հեռախոսով զրուցել Ռուստամ Ս.-ի հետ, սակայն վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ եթե ցանկանում է, ապա կարող է գալ իր բնակարան եւ զրուցել:
Այնուհետեւ Կարեն Ն.-ն գնացել է ոստիկանության բաժին եւ հայտնել կատարվածի մասին, որից հետո ոստիկանության աշխատակիցների հետ միասին գնացել են այդ բնակարան, որտեղից ոստիկանության աշխատակիցները Ռուստամ Ս.-ին բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Քննելով գործը դեկտեմբերի 16-ին դատարանը վճռել է Ռուստամ Ս.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել տուգանքի 200 հազար ՀՀ դրամի չափով:





























