31-ամյա Անդրանիկ Գ.-ն մեղադրվում է այն բանում, որ դեռեւս 5 տարի առաջ կին է առեւանգել եւ տանելով չբնակեցված հատված, զենքի օգտագործմամբ նրան թալանել: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 31-ամյա Անդրանիկ Գ.-ն դեռեւս 2008 թվականի հունվարի 30-ին, առեւանգելու եւ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Արմեն Հ.-ի հետ, Քրիստինե Մ.-ին խաբեությամբ տեղափոխել են Երեւան քաղաքի Էրեբունի այգեգործական ընկերություն տանող ճանապարհի չբնակեցված հատված, որտեղ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` ավազակային հարձակմամբ հափշտակել են Քրիստինե Մ-ին պատկանող ոսկյա զարդերը եւ բջջային հեռախոսը:
Քրեական գործ է հարուցվել 131` մարդուն առեւանգելը հոդվածի 2 մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ 175 Հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 20-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























