ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետերի հատկանիշներով (սպանության փորձ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):
Մեր տեղեկություններով՝ 19-ամյա Հովհաննես Ժորայի Դավթյանը Արտաշատից է, իսկ Էրիկ Սլավիկի Կարապետյանը՝ Կապանից: Նրանք բանակ են զորակոչվել 2012թ աշնանը:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վիրավոր զինծառայողները գտնվում են հոսպիտալում, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, դեկտեմբերի 22-ին, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթեւ հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը եւ 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը:





























