Նախիջեւանն իրենից անկլավ է ներկայացնում, եւ ակնհայտ է, որ եթե նույնիսկ ռազմական գործողություններ լինեն, այն կգործի հիմնական ադրբեջանական բանակից մեկուսացած եւ թուրքական բանակի ավելի մեծ ներգրավվածությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանին Նախիջեւանի ինքնավար մարզում ստեղծել Առանձին համազորային բանակ:

«Կան որոշակի նախադրյալներ, որոնք բխում են այն փաստից, որ Նախիջեւանն Ադրբեջանի համակարգում ինքնատիպ կառույց ունի: Մյուս կողմից , նախկին հինգերորդ բանակային կորպուսը միշտ Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո է եղել. փաստորեն, կարելի է ասել, որ սա որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս է, այլ ոչ թե Ադրբեջանի», - նշել է քաղաքագետը: Երկրորդ, հավելել է նա,  հնարավոր է, որ դա նաեւ կապված է համազորային բանակի հրամանատարի ձգտումների հետ:  «Բոլոր այս գործոնները խաղացել են իրենց դերը որոշման կայացման գործում: Սակայն չեմ կարծում, որ մոտ ապագայում դա կանդրադառնա Նախիջեւանի բանակի մարտունակության եւ տեխնիկական ապահովվածության բարձրացման վրա», - ընդգծեց Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեց հրաման Նախիջեւանի ինքնավար մարզում Առանձին համազորային բանակի ստեղծման մասին: Հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաեւը, ով նախկինում զբաղեցնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության համազորային կորպուսի հրամանատարի պաշտոնը: