«Հրապարակը» գրում է. «Խորին «հրճվանքով» Ռուսաստանի հետ գազային պայմանագրին 77 ձայնով կողմ քվեարկած ԱԺ-ի գլխին ուրբաթ օրը 14 «Տոյոտա-Քեմրի» ավտոմեքենա է ընկել:
Տարեվերջին ցնցոտիավոր այս հայրենիքում կատարելով նման` 850 հազար դոլարի գնում, հայրենի խորհրդարանը ու նրա նախագահը փորձում են թարմացնել ԱԺ նախագահի երկու տեղակալների եւ տքնաջան աշխատանքով տուն-տեղ պահող-փող աշխատող 12 մշտական հանձնաժողովների նախագահների ավտոմեքենաները, որոնք ընդամենը 2007 թվին էին գնվել:
ԱԺ-ում ձեռն ի սիրտ բացականչում են. «Հե՜յ գիտի Թորոսյան, Նիկոյան, գնացին, իրենցից հետո մեծ խնայողություններ թողնելով, հիմա մինչեւ վերջին կոպեկը տարվա ավարտին մսխվել է»:
Իսկ 2007-ի ավտոմեքենաներն ի՞նչ են անելու` հարցրինք ԱԺ աշխատակազմի մեր աղբյուրին: «Տալու են հանձնաժողովների նախագահների տեղակալներին»: Բա տեղակալների՞ ավտոմեքենաներն ինչ են անելու: «Հիմնականում դուրս են գրելու»:





























