Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության եւ հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե գործընթացը հիմնականում ծավալվել է մայթերին ու բակային տարածքներում, աստիճանավանդակներին, վերգետնյա ու ստորգետնյա անցումներում: Բոլոր այդ հատվածները, ինչպես նաեւ գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի եւ ավազի խառնուրդով:
Դեկտեմբերի 23-ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով 37 միավոր տեխնիկա: Դեկտեմբերի 24-ի առավոտյան տվյալներով՝ օգտագործվել է 80 տոննա տեխնիկական աղ եւ շուրջ 160 խմ շլաքային ավազ։





























