ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 24-ի նիստում վարույթ ընդունեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի վարքագիծը քննելու մասին եզդի համայնքի ներկայացուցիչների դիմումը: Այս մասին նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով ընդհանուր առմամբ պատգամավորների վարքագծին եւ ոչ կոռեկտ պահվածքին` ԱԺ պատգամավորը նշեց, որ եթե որեւէ մեկը վիրավորվել է, ապա կարող է գնալ դատարան, իսկ էթիկայի հանձնաժողովը բացառապես քննում է այն դեպքերը, որոնք դատական պաշտպանության հնարավորություն չեն ունենում: Հարցին` նորմալ է արդյոք, որ պատգամավորները նման վարքագիծ են դրսեւորում, Դ.Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել: Դ. Հարությունյանի  կարծիքով` էթիկայի կանոնները խախտում են շատ շատերը, բայց բոլորի աչքին երեւում են միայն իշխանության կուսակցության ներկայացուցիչների արարքները:

«Մենք որպես կանոն անդրադարձ ենք կատարում այն դեպքերին, երբ դատական պաշտպանության հնարավորություն չկա, եթե որեւէ մեկը վիրավորվել է, ապա խնդրեմ, թող դիմեն»,- ասաց Դ. Հարությունյանը։

Ըստ  Դ. Հարությունյանի, էթիկայի պահանջները խախտում են շատ շատերը. «Երեկ օրինակ անթույլատրելի էր այն, որ Զարուհի Փոստանջյանը վերցրել քվեարկության քարտեր, դա նման է, որ գնա պատգամավորի ավտոմեքենայի անվադողերը ծակի, որ նա չկարողանա աշխատանքի ներկայանալ։ Ինչո՞ւ չեք ասում, որ դա իսկապես ամոթալի արարք է։ Չեմ մեղադրում, որ իշխանության քայլերը միշտ շատ ավելի երեւացող են հասարակության համար։ Ես հեռու եմ այն մտքից, որ մեր հասարակությունում ոչ կոռեկտ են պահում միայն իշխանության ներկայացուցիչները, թե իշխանությունը, թե ընդդիմությունը, ցավոք, տառապում ենք նույն հիվանդությամբ»։

«Մեր պահանջն է, որ հարցը քննվի էթիկայի հանձնաժողովի իրավասության սահմաններում։ Այն որ Մանվել Բադեյանը պատգամավորին ոչ հարիր պահվածք է դրսեւորել բոլորը գիտեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ ղեկավար Բորիս Թամոյանը, հավելելով, որ դատարան դիմելը բարոյական տեսանկյունից ճիշտ չէ, քանի որ դեպքը տեղի է ունեցել  հենց խորհրդարանում։