Առաջիկա երեք տարում Հայաստանում կավելանա Ռուսաստան արտահանվող կարտոֆիլի արտադրությունը: Այս մասին դեկտեմբերի  24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ագրար-գյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: Ըստ նրա՝ գյուղացիներին վստահություն է ներշնչում վերջին 2-3 տարում պարբերական դարձած արտահանումը:

Բերբերյանի կարծիքով՝ պետք չէ շատ անհանգստանալ նոյեմբերին 300 տոննա հայկական կարտոֆիլը Վրաստան տանելու արգելքի կապակցությամբ: Հայաստանը 2013թ. արտահանել է շուրջ 20 հազ. տոննա կարտոֆիլ, որից, վրացական կողմի հավաստմամբ էլ, անորակ է եղել, 300  տոննան, այսինքն՝ կես տոկոս: Նման ցածր տոկոսը կարող է լինել ում մոտ պատահի, անգամ՝ Հոլանդիայի: Պարզապես վրացի վերավաճառողներից մեկը որոշել էր Հայաստանից էժան կարտոֆիլ տանել, իսկ էժանը նշանակում է անորակ»,- հավելել է Բերբերյանը: 

Ըստ նրա՝ Վրաստանը հայկական կարտոֆիլի իրացման հիմնական շուկաներից կմնա: «Թուրքիան փորձում է Վրաստան կարտոֆիլ արտահանել ցածր գնով՝ հայկականին վնասելու համար: Մեր պետկառույցները պետք է հակազդեն դրան, իրադրությունը բացատրեն վրացական կողմին, պաշտպանեն մեր շահերը», - հավելել է Բերբերյանը: