74-ամյա   Յուրիկ Թ.-ն քնած վիճակում փորձել է երկու կին կացնահարել, սակայն նրանցից մեկին հաջողվել է փախչել: Լոռիի մարզ  ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ 74-ամյա Յուրիկ Թ.-ն, Վանաձորի իր բնակարանում Զեմֆիրա Մ.-ին եւ Վարդուշ Ղ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մտել է ննջասենյակ եւ նախապես իր մոտ գտնվող կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջիններիս գլխի, պարանոցի, ուսերի, կրծքավանդակի շրջաններին: Վարդուշ Ղ.-ն դիմել է փախուստի, իսկ հատակին ընկած Զեմֆիրա Մ.-ին Յուրիկ Թ.-ն շարունակել է կացնով հարվածներ հասցնել: 

Քրեական գործ է հարուցվել 104    հոդվածի  2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանությունը):  Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 12-20  տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 27-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: