29-ամյա Ժիրայր Պ.-ն մեղադրվում է «Սիդնի» գիշերային ակումբ մտնելու համար իրարանցում սարքելու մեջ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Ժիրայր Պ.-ն, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Երեւան քաղաքի Գ. Քոչար 4 հասցեում գործող «Սինդի» գիշերային ակումբ մտնելու շուրջ իր անձի առավելությունն ընդգծելու նպատակով վիճաբանել է անվտանգության աշխատակից Արթուր Կոստյանի հետ, որի ընթացքում ակնհայտորեն խախտել է վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով շրջակայքի անձանց նկատմամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ ու քաշքշել ակումբի անվտանգության աշխատակցի հագուստից, խանգարել ակումբի նախասրահի բնականոն աշխատանքը:
Ապա շարունակելով հակահասարակական վարքագիծ դրսեւորելը, լսելով ընկերոջ՝ Կարեն Բ.-ի հետ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գագիկ Ասատրյանի իրեն ակումբից դուրս տանելու վերաբերյալ զրույցը, նա մոտեցել է, քաշել ու պոկել է ոստիկանության խորհրդանիշները պարունակող վերջինիս համազգեստի ուսադիրները:
Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-պատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ 1 ամիս ժամկետով:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























