Ձերբակալվել է Մոսկվայի մարզի Ժելեզնոդորոժնի քաղաքի բնակիչը, որը նռնակ էր նետել ոստիկանների վրա: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է  Ռուսաստանի ՔԿ-ի մարզային վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադին:

Ըստ քննիչների` միջադեպը տեղի էր ունեցել ուրբաթ, երբ ոստիկանները ժամանել էին BMW-ի եւ  «ՎԱԶ-2104»-ի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայր: «ՎԱԶ»-ի վարորդը ծառայողական մեքենայի մեջ նռնակ էր նետել, որի հետեւանքով զոհվել էր մեկ ոստիկան, երկրորդը վիրավորվել էր: Չարագործը փախել էր դեպքի վայրից, սակայն շուտով ձերբակալվել էր: 

Իրավապահները տղամարդուց առգրավել էին պայթուցիկները,  նռնակը եւ տրավմատիկ ատրճանակը: Չարագործը խոստովանել է մեղքը: Նրան մեղադրանք են առաջադրել ոստիկանի կյանքի դեմ ոտնձգություն կատարելու եւ պայթուցիկ նյութերի ապօրինի պահման համար:  Պարզվել է, որ հանցանքի պահին  մեղադրյալը հարբած է եղել: