Ուղիղ 24 տարի առաջ Ադրբեջանի ժողովրդական ճակատը, որն իշխանության էր մղվում Խորհրդային Միության փլուզման ուժգնացող գործընթացի պայմաններում, Բաքվի հայ խաղաղ բնակչության զանգվածային ջարդեր կազմակերպեց:

Գազանաբարո սպանություններով եւ դիապղծմամբ ուղեկցվող հրեշավոր ջարդերը շարունակվել էին մինչեւ հունվարի 20-ի գիշերը, երբ քաղաքում վերջապես արտակարգ դրություն էր հայտարարվել, եւ Բաքու էին մտել խորհրդային տանկերը: Միայն դա էր թույլ տվել դադարեցնել Ադրբեջանի ԽՍՀ-ում ոչ միայն հայ, այլեւ ամբողջ քրիստոնեական բնակչության  կոտորածը:

Հայկական զանգվածային ջարդերը սկսվելու պահին՝ 1990թ. հունվարի 13-ին, Բաքվում իշխանությունը փաստացի անցել էր ֆաշիստական ժողովրդական ճակատի ձեռքը, որի հանրահավաքներում նրանց գլխավոր հերոսներից մեկը՝ Նեյմաթ Պանախովը, կոչ էր արել «հայերի գլուխներով երկրորդ Արարատը կառուցել»:

Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունն անելանելի դրության մեջ էր հայտնվել, հանրապետության Կոմկուսի Կենտրոնական շենքի առաջ երեք կախաղաններ էին կանգնեցվել՝ դրա ղեկավար Աբդուրախման Վեզիրովի, Գերագույն խորհրդի պրեզիդիումի նախագահ Էլմիրա Կաֆարովայի եւ նախարարների խորհրդի ղեկավար Այազ Մութալիբովի համար: Նրանց նման խիստ պատիժը Ադրբեջանի ժողովրդական ճակատի մարդասպանների տեսանկյունից առավել քան բացատրելի էր:

Չէ  որ Ադրբեջանի ԽՍՀ-ի կենտրոնական «Բակինսկի ռաբոչի» թերթի 1990թ. հունվարի 15-ի համարում հայտնվել էր Վեզիրովի, Կաֆարովայի եւ Մութալիբովի համատեղ հայտարարությունը, որտեղ խոստովանվում էր, որ ջարդերի զոհ էին դարձել  «գերազանցապես հայերը», որով հաստատվում էր այն օրերին Բաքվում կատարված ողբերգական իրադարձությունների բացառապես ազգային բնույթը:

1990թ. հունվարի 13-19-ին հայկական ջարդերի մասին ներկայիս Ադրբեջանում հիշելն արգելված է: Եվ դա լիովին բացատրվում է երկրում իշխող  «ալիեւյան կլանի» էությամբ, որի քարոզչության հիմքը միշտ էլ եղել է ցինիկ սուտը եւ փաստերի խեղաթյուրումը: Ադրբեջանի ներկայիս ղեկավարության դիրքորոշումը, որը խոսում է միայն հունվարի 20-ի գիշերը Բաքու Խորհրդային բանակի զորքեր մտցնելու վերաբերյալ՝ իսպառ  լռելով  դրան օրերով նախորդած  հայկական ջարդերի մասին, ուղղված է նաեւ «համազգային առաջնորդ» հայտարարված Հեյդար Ալիեւի  ճակատագրական դերը պարտակելուն: Չէոր իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիեւը չի կարող  խոստովանել, որ Մոսկվայում գտնվող իր հայրը ամեն կերպ փորձել է սկզբում վարկաբեկել Քյամրան Բագիրովին, հետո` Աբդուրախման Վեզիրովին՝ հանրապետությունում իշխանության վերադառնալու համար,  եւ այն, որ Գորբաչովը Հեյդար Ալիեւին խնդրել էր 1990թ. հունվարի ողբերգական օրերին իր մարդկանց հեռացնել Բաքվի փողոցներից, սադրանքներ չկազմակերպել:

Սակայն ադրբեջանական պետական քարոզչամեքենան որքան էլ փորձի  խեղաթյուրել 1990թ. հունվարի  իրադարձությունների պատկերը, դառը ճշմարտությունն ահերքելի է. միայն ադրբեջանցի ազգայնականների հանցագործությունների ճանաչումը եւ զղջումը թույլ կտան թեկուզ մասնակի մաքրել ամոթը երբեմնի բազմազգ Բաքվի վրայից: Սակայն Իլհամ Ալիեւի իշխանության օրոք նման բան չպետք է սպասել:

Իվան Ղարիբյան