Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեռ չգիտեն, թե ինչքան է կազմել դեկտեմբեր ամսվա համար կոմունալ վճարները, նրանք դրանք պատրաստվում են վճարել առաջիկա օրերին։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը չի շտապում օր առաջ տեղեկանալ, թե ինչքան է կազմել կոմունալ վճարները, մասնավորապես՝ գազի վարձը։ «Շատ կլինի էլի, մի 55-60 հազար դրամ կլինի, դե պիտի տանք, ինչ պիտի անենք, երեի ամբողջ կոմունալը մի 80 հազար, պիտի խնայենք էլի, ինչ անենք»,- ասաց պատգամավորը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի խոսքով՝ դեկտեմբեր ամսվա համար գազի վարձը կազմել է 75 հազար դրամ, իսկ բոլոր կոմունալ վճարները միասին՝ 110 հազար դրամ:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Նաիրա Կարապետյանի հույսն էլ այն է, որ իր տունը փոքր է եւ կոմունալ վճարները շատ չեն գա։ Նա կոմունալ վարձերը կվճարի վաղը, կարծում է՝ դրանք կկազմեն 25-30 հազար դրամ։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նախատեսում է, որ իր կոմունալ վճարումները կկազմեն 80-100 հազար դրամ։ Նա դրանք պատրաստվում է վճարել մյուս շաբաթվա սկզբին, իսկ եթե նախատեսվածից ավել լինի, պատգամավորը հոգեպես պատրաստ է դրան, քանի որ տոներին խնայողաբար է ծախսել։ «Բավականին ցուրտ է եղել, շատ վառել ենք՝ օրը 24 ժամ, ու դեռ մի բան էլ ցուրտ էր։ Լյովա Խաչատրյանի հետ համաձայն եմ, որ ժամերով երկու բաժակ սուրճը չեր եռում, Կոմիտասում գազերը բավականին վատ են եղել, ճաշերը դանդաղ էր եփում»,- ասաց Հեղինե Բիշարյանը։ Նա նախատեսել է, որ միայն գազի վարձը դեկտեմբեր ամսվա համար կկազմի 40 հազար դրամ, քանի որ բնակարանը այդքան էլ մեծ չէ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կոմունալ վարձերը պատրաստվում է վճարել վաղը։ Նա նշեց, որ մինչ թանկացումը դրանք կազմում էին 45-50 հազար դրամ, բայց այժմ տեղյակ չէ՝ ինչքան կկազմի։ Պատգամավորը կարծում է, որ երեքսենյականոց բնակարանի կոմունալ վճարները ավելի քան 75 հազար կլինեն։ «Դրա համար էլ դեմ էինք քվեարկում այդ օրենքներին»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը։





























