Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության տարածած տեղեկատվության մեջ ներկայացված փաստերը չեն արտացոլում իրականությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությանում, մասնավորապես, ասվում է.
«Թյուրըմբռնումը կանխելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել. ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման եւ վճարման գործընթացներում խախտումների առաջին բացահայտումները կատարվել են հենց ՊԵԿ-ի կողմից եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք եղել են ոչ թե եզակի դեպքեր, այլ կրել են համատարած բնույթ՝ ՊԵԿ-ը երեւույթի պատճառները վերհանելու եւ օրենսդրական դաշտում առկա սողանցքները բացառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետին:
Ավելին, Կոմիտեն միջնորդել է նաեւ գործընթացում վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների ներգրավվածությունը ապահովելու վերաբերյալ՝ հաշվի առնելով հարցի կարգավորման կարեւորությունը եւ ծավալները (այդ թվում նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության): Մասնավորապես, 2012թ. օգոստոսից ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունը նշված փաստերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածների հատկանիշներով իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով 2012թ. սեպտեմբերից մինչ օրս ՊԵԿ հետաքննության վարչություն մուտք է եղել 581 նյութ, որոնցով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը շուրջ 87 միլիոն դրամի չափով:
Ինչ վերաբերում է ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ներկայացվող օրինակներին, ըստ որոնց «տնտեսվարողն աշխատանքի է ընդունել աշխատողին հղիության 6-րդ ամսում, որը մեկ ամիս աշխատել եւ գնացել է բյուլետեն ու ստացել 150-220 հազար եւ ավելի դրամ նպաստ» կամ «վարձու աշխատողը համատեղել է աշխատանքը 2 փոխկապակցված կազմակերպություններում, մեկ ժամն էլ կրկնակի է աշխատել, ստացել է 1.6 եւ 2.3 անգամ ավելի եկամուտ, իսկ հղիության արձակուրդում 2 կազմակերպություններից ստացել է 2մլն 565 հազար դրամի նպաստ» եւ այլն, ապա անհրաժեշտ ենք համարում կատարել հետեւյալ հարցադրումները. նշված դեպքերն առնչություն ունե՞ն ՊԵԿ-ի գործառույթների հետ եւ արդյոք ՊԵԿ-ն է այն լիազոր մարմինը, որ պետք է վերահսկեր այդ գործընթացները:
Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ ՊԵԿ-ի հայտնաբերած խախտումները ներկայացվել են որպես ՊԵԿ-ում կատարված խախտումներ:





























