ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան, հունվարի 17-ին, հատուկ արարողության ժամանակ հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին: Մրցանակաբաշխությունն անցկացվում է չորորդ տարին անընդմեջ եւ 2013թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետեւյալ ավանդական անվանակարգերում`

Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում

Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում

Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում

Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում

Բորսայի լավագույն անդամ՝ գեր-անվանակարգ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում եւ ներդրումը բորսայական առեւտրի զարգացման նախաձեռնություններում:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ն հաղթող ճանաչվեց «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում: Լավագույնների եռյակում էին նաեւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն եւ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ «Արմենբրոկ» ԲԲԸ-ն արժանացել էր այս մրցանակին նաեւ 2012թ.-ին:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ըներություններն էին նաեւ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն եւ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն: Արարատբանկն երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում այս անվանակարգում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին եւ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին: Նշանակալի է, որ 2010թ.-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել այս անվանակարգում, իսկ այս տարի որպես թեկնածու ներկայացված էր նաեւ «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում եւ «2013թ. Բորսայի լավագույն անդամ» գեր-անվանակարգում:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում: Հարկ է նշել, որ նախորդ տարի եւս «Արարատբանկ» ԲԲԸ-ն այս անվանակարգի հաղթողն էր:  Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին «Հայբիզնեսբանկ» ԲԲԸ-ն եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն երրորդ անգամ հաղթող ճանաչվեց գեր-անվանակարգում եւ արժանացավ «2013թ. Բորսայի լավագույն անդամ» կոչմանը՝ հաշվի առնելով ընկերության ակտիվ գործունեությունը Բորսայի տարբեր հարթակներում, ինչպես նաեւ իր ակտիվ քաղաքականությունը` որպես թողարկող: Այս անվանակարգում լավագույնների շարքում էին նաեւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին եւ նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաեւ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող եւ մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերություններից լավագույններին: