«168 ժամ» թերթը գրում է. «Հունվարի 22-25-ը շվեյցարական Դավոս քաղաքում կայանալու է ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը համարվում է աշխարհի կարեւորագույն տնտեսական իրադարձությունը: Այդ միջոցառմանն ավանդաբար մասնակցում են աշխարհի խոշորագույն երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, գործարար էլիտայի ներկայացուցիչներ: Հայաստանը, սակայն, ինչպես եւ կարելի էր կանխատեսել, որեւէ մակարդակով չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Ինչպես մեր թղթակցին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը, ՀՀ կառավարությունը գերադասում է մասնակցել ոչ թե բուն դավոսյան, այլ ամռանը տեղի ունեցող համաշխարհային տնտեսական միջոցառումներին, ինչպես, օրինակ, անցած տարի Չինաստանում կայացած «Ամառային Դավոս 2013» անվանումով միջոցառումը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նման՝ «ամառային միջոցառումներն» իրենց ձեւաչափով ու ներկայացուցչականությամբ համեմատելի չեն բուն Դավոսյան տնտեսական ֆորումի հետ: Դավոսի ֆորումին չմասնակցելը «չինական Դավոսին» մասնակցելով «հիմնավորելը», իհարկե, ծիծաղելի է: Վարչապետի խոսնակն, իհարկե, անկեղծ լինելու դեպքում պետք է պատասխաներ՝ «Գնանք Դավոս, որ ի՞նչ անենք», ինչը, հասկանալի է, չէր կարող անել պաշտոնական արարողակարգի պատճառով:

Իրականում Դավոսում ամեն տարի հավաքվում են այն երկրների քաղաքական ու տնտեսական ղեկավարները, ովքեր իրենց պետությունները կամ ղեկավարում են, կամ ցանկանում են ղեկավարել ժամանակից մոդելով, մինչդեռ Հայաստանը սեպտեմբերի 3-ի որոշմամբ` հայտնվել է աշխարհի հետամնաց երկրների «ակումբում», որի ամենադիպուկ բնորոշումն անցած շաբաթ տվել էր Մաքսային միության հիմնադիրներից մեկը համարվող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ հայտարարելով, որ Ղազախստանը, ԽՍՀՄ-ի հետ միասին (որը ցանկանում են վերականգնել՝ ի դեմս Եվրասիական տնտեսական միության), Արեւմուտքից հետ է մնում 50 տարով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում