Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 21-ին բացվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի 44-րդ նստաշրջանը, որտեղ կքննարկվեն աշխարհի վերակառուցման հետեւանքներն իշխանության, հասարակության եւ բիզնեսի համար: 

Ֆորումի գլխավոր միջոցառումները տեղի կունենան հունվարի 22-26-ին:

Այս տարի քննարկումներին կմասնակցի 100 երկրի իշխանական կառույցների, բիզնեսի եւ հասարակական կազմակերպությունների  2 500 ներկայացուցիչ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իրենց մասնակցությունն են հաստատել 40 պետության եւ կառավարության ղեկավարներ: Ֆորումի միջազգային օրակարգը կվերաբերի G20 երկրների եւ ԲՐԻՔՍ-ի աշխատանքի հարցերին: 

ՀՏՖ-ում կքննարկվեն նաեւ գլոբալ էնեգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր: Ըստ գագաթաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբի` այս տարի նստաշրջանի ծրագիրը բեւեռված է չորս հիմնական թեմաների վրա.  նորարարության ազդեցությունը ժամանակակից կյանքի վրա, գլոբալ զարգացման հեռանկարները, քաղաքացիական հասարակության մասնակցությունը տնտեսական գործընթացներին,  մոլորակի բնակչության  աճի հետ կապված «9 միլիարդի» հարցը: