Արեւմուտքն, իհարկե, կցանկանար խաբել Իրանին, ինչպես սովորաբար անում է պատժամիջոցները հանելիս եւ ձգձգում էր այդ հարցն այնքան, մինչեւ տեղեկություն հայտնվեց, որ Ռուսաստանը Իրանից մեծ քանակի նավթ կգնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ պատասխանելով հարցին, թե որքան հեռու կգնա ԵՄ-ն զիջումների հարցում՝ իրանական խնդիրը լուծելու համար:
Քաղաքագետը պարզաբանել է, որ դեպքերի նման զարգացման դեպքում Ռուսաստանն իր նավթը կվաճառեր Արեւմուտքում, իսկ երկրի ներսում կօգտագործեր իրանականը: «Այսպիսով, եւ Իրանը գումար կստանար, եւ բոլոր այդ արեւմտյան պատժամիջոցները, ըստ էության, կվերանային, այսինքն դրանք արդյունք չէին տա: Իսկ Իրանն այդ դեպքում օրինական հիմք կունենար հրաժարվել «Վեցնյակի» (ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները եւ Գերմանիան-խմբ) շրջանակներում պայմանավորվածություններից եւ կշարունակի ուրանի հարստացումը 20 տոկոսից ավելի»,-ասել է Ալեքսանդրովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, փաստացի, կտորպեդահարեր Արեւմուտքի խաբեության պլանը, եւ վերջինիս այլ բան չէր մնա, քան համաձայնել պատժամիջոցները հանելու առաջարկությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին, ԵՄ-ն հանել է Իրանի նկատմամբ նավթային պատժամիջոցների մի մասը այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Թեհրանը կատարել է այս պահի համար բոլոր անհրաժեշտ պահանջները՝ դրված 2013-ի նոյեմբերի 24-ի ժնեւյան համաձայնագրով:



























