Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը չի խանգարում ԵՄ-ի հետ միասնական օդային տարածքի շուրջ բանակցություններին, հունվարի 21-ին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Մովսեսյանը նկատել է, որ եթե տնտեսության այլ ոլորտներում արտաքին ուղղության փոփոխությունը կարող է սրբագրումներ պահանջել, ապա ավիացիային դա չի վերաբերում:

«Նման տիպի համաձայնագրերի կնքման համար երկիրը պետք է Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտներին հետեւի: Նույն ստանդարտները կազմակերպությունը մշակում է նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ ԵՄ-ի համար: Դրանցից բխող համաձայնագրերը կարող են ընդունվել ազգային տարբեր խմբագրումներով, սակայն հիմնականում դրանք նույնն են», – հայտարարել է Մովսեսյանը: Այդ պատճառով էլ, հավելել է նա, ԵՄ-ի հետ բանակցություններում խնդիրներ չեն ծագել:

«Տվյալ պահին մենք պատրաստ ենք բանակցությունների, իսկ ԵՄ-ն  բանակցողների թիմ է ընտրում մեզ համար: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները ցանկացած ժամանակ, քանի որ այդ համաձայնագիրը շատ կարեւոր է Հայաստանի ավիացիայի համար», - հայտարարել է Մովսեսյանը: