Գաղափարական ներդաշնակությունը մշտապես պետք է քաղաքական գործիչների ձեռքում լինի: Երիտասարդներին պետք է որ թե աջակցել, այլ ուղղորդել: Այս մասին հունվարի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը՝ անդրադառնալով հունվարի 18-ի՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված հանրահավաքին:
Ըստ նրա՝ ինքը, որպես ՀՀ քաղաքացի, ներկա է եղել հանրահավաքին: Մարքսիստի խոսքով՝ ոչ ոք մասնակիցների նման բազմություն չէր ակնկալում, եւ սա ցույց է տալիս, որ հասարակությունը բարոյաքաղաքական վերելքի փուլում է:
«Ես ելույթի մեծ ցանկություն ունեի, բայց հիասթափությունս այնքան խորն էր, որ ինչ-որ պահի հիշեցի Պոմպեոսի խոսքերը, թե բանը հասել է դեղնակտուցներին, քաղաքական անչափահասներին: Ես գլուխ եմ խոնարհում երիտասարդության առաջ, բայց որտե՞ղ էին երկրի քաղաքական ուղեղները: Ինչպե՞ս կարելի է ասել, որ երիտասարդությունն իր սոցիալական շահերն է պաշտպանում, իսկ իրենք ուղղակի հովանավորների դերում են»,- հարց է ուղղել Դավիթ Հակոբյանը՝ հավելելով, որ ազգային ողբերգությունը սրանում է:
Հունվարի 18-ի հանրահավաքի եւս մի խնդիր հայ մարքսիստը համարում է կոչերի անհասությունը՝ «Դեմ ենք», «Ստոպ» եւ այլն:
Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակների մասին օրենքին, Դավիթ Հակոբյանն այն ոչ միայն հակաօրինական է համարում, այլեւ՝ ծաղր: Ըստ մարքսիստի՝ այդ համակարգի ամենամեծ թերությունն այն է, որ երիտասարդությունից հավաքված գումարը միջազգային կապիտալին են փոխանցում՝ ՀՀ պետբյուջեի մասը դարձնելու փոխարեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























