Այն լուրերը, թե Հայաստանում ցանկանում են նոր ավիափոխադրողներ հայտնվել՝ այս կամ այն օլիգարխի եղբայրները եւ ընկերները, անհիմն են: Այս մասին հունվարի 21-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ՔԱԳՎ-ի պետ Արտեմ Մովսեսյանը: Տվյալ պահին «Էյր Արմենիայից» բացի ոչ մի ուրիշ հայկական ընկերություն ՔԱԳՎ-ին չի դիմել՝ ավիափոխադրումների թույլտվության համար:
Ավելի վաղ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ներքին չվերթներ իրականացնելու պատրաստակամության մասին հայտարարել էր Skynet ավիաընկերությունը, որը գնել էր JetStream 32 օդանավը: Այնուամենայնիվ, հավելել է Մովսեսյանը, թույլտվության համար ՔԱԳՎ-ին այդպիսի ընկերություն չի դիմել:
«Չպետք է սպասել, որ մեր երկրի նման փոքր երկրում ավիափոխադրումներով կցանկանան զբաղվել միանգամից մի քանի ընկերություններ: Բարձր են նախնական ներդրումները, շահույթն այնքան էլ մեծ չէ, առավել եւս, որ արտասահմանյան ավիաընկերությունները ագրեսիվ մարքեթինգ են վարում: Օրինակ՝ Air France-ը պատրաստվում է ավելացնել Հայաստան չվերթների հաճախականությունը՝ շաբաթական մինչեւ 7 անգամ: Արդեն ավելացրել են չվերթների հաճախականությունը Ռուսաստան եւ «Աերոֆլոտը», եւ «Սիբիրը», եւ «Տրանսաերոն», իսկ Էմիրություններ՝ Air Arabia-ն եւ Fly Dubai-ը», - հայտարարել է Մովսեսյանը: Հայկական ավիաընկերությունների համար դժվար է մրցակցել ավելի խոշոր արտասահմանյան մրցակիցների հետ՝ իրենց համար կարեւոր այս ուղղություններում:
«Այնպես որ սա հեշտ բիզնես չէ, սակայն հուսով եմ, որ հայկական ընկերությունները կգտնեն իրենց տեղը: Իսկ մենք էլ, մեր հերթին, կադրային հենք ենք պատրաստում. 2013թ. 14 մարդ ավարտել է ուսումնառությունը մեր «Ավիաուսումնական կենտրոնում» եւ ստացել օդաչուի որակավորում», - հայտարարել է Մովսեսյանը:



























