Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ հունվարի 21-ին, սկսվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, ՀՀ սփյուռքի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարները, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության եւ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետերը: Նրանք անդրադարձել են հաշվետու տարում գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումներին եւ վարչապետին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին:

Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների վերացման ուղղությամբ: Հաշվետվությունները լսելուց հետո վարչապետ Սարգսյանն անդրադարձել է 2013թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների, ինչպես նաեւ աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: Զեկուցողները պարզաբանումներ են ներկայացրել հանձնարարականների ուշացումով կատարման կամ չկատարման, տարբեր վարչությունների աշխատանքի գնահատման վերաբերյալ:

Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում: