Երեւանի քաղաքապետարանը 2014 թ. կշարունակի կոյուղու անցկացումը մայրաքաղաքի այն թաղամասերում, որտեղ նախկինում դրանք բացակայել են: Այս մասին հունվարի 22-ին լրագրողներին հայտնել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «Դրանք հիմնականում հին սեփական տների տակ եղած տարածքներն են», – բացատրել է Արեյանը: Արդիական է նաեւ բազմահարկ շենքեր ունեցող մի շարք թաղամասերում կոյուղու վերանորոգման հարցը, որտեղ վթարների քանակը անցնում է թույլատրելիի սահմանը: 

«2013թ. մենք մայրաքաղաքի ջրամատակարարման օպերատոր «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի հետ 5,5 կմ-անոց  կոյուղագիծ ենք անցկացրել, որից 850 մ-ը՝ միանգամայն նոր: Աշխատանքը շարունակվում է նաեւ Խարբերդ թաղամասում, որտեղ կոյուղի ընդհանրապես չկա: Հենց այնտեղ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մենք սկսել ենք էներգա- եւ ջրամատակարարումների բարելավման աշխատանքները», – ամփոփել է փոխքաղաքապետը: