2014 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքերում նախատեսված ընթացիկ եւ ծրագրային աշխատանքները արագ ու արդյունավետ կազմակերպելու խնդիրներն են քննարկվել Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի`վարչական շրջաններում գործող համատիրությունների նախագահների եւ աշխատանքները համակարգող, ինչպես նաեւ վարչական շրջանների կոմունալ բնագավառի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քննարկմանը մասնակցել են նաեւ քաղաքապետարանի տվյալ ոլորտների պատասխանատուները: Կառլեն Ղազարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես բազմաբնույթ աջակցություն է ցուցաբերել բազմաբնակարան շենքերի կառավառման մարմիններին ու այսուհետ էլ հնարավորին չափով սատարելու է: Սակայն ոչ բոլոր դեպքերում է կատարված աշխատանքների որակը գոհացնում բնակիչներին`հաճախ հարուցելով նրանց արդարացի դժգոհությունը: Պահանջ է դրվել առավելագույն կարճ ժամկետում արձագանքել բնակիչների`թեժ գծով կամ անմիջականորեն բարձրացված խնդիրներին եւ դրանց տալ հիմնավոր լուծումներ`միաժամանակ ներկայացնելով հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ: Մասնավորապես, տարվա այս շրջանում ու հատկապես տեղումների օրերին ոչ բոլոր համատիրություններն են աջակցում ձնամաքրմանն ու շքապատշգամբներից կախված սառցալեզվակների հեռացմանը կամ դա թերի են կատարում:
Ըստ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի, այսուհետ իրենց պարտականություններում թերացած համատիրությունների ղեկավարները կենթարկվեն խիստ պատասխանատվության`ընդհուպ մինչեւ պաշտոնավարման նպատակահարմարության քննարկումը: Բացի այդ, պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով կկազմակերպվեն անակնկալ ստուգայցեր:
Մինչ այդ առանձին ուղղություններով թերացած համատիրությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ եւ բացթողումները շտկելու ժամկետներ: Լսելով ներկաների կարծիքները՝ Կառլեն Ղազարյանը եւս մեկ անգամ նշել է, որ 2014 թվականը համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով բեկումնային է լինելու:



























