Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար տիկին Անահիտ Բախշյանը, դեռեւս 2013-իդեկտեմբերի 17-ին գրությամբ դիմել էր Երեւանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Երեւան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված դրոշների ձեռքբերման վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները: Այս մասին տեղեկացնում է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության լրատվական ծառայությունը: Մասնավորապես խոսքը հետեւյալ տեղեկությունների մասին է.
1. ինչպիսի՞ գնման ընթացակարգով է իրականացվում դրանց ձեռքբերումը, ովքե՞ր են մատակարարները,
2. դրոշների գնման պայմանագրերի պատճենները,
3. որքա՞ն է կազմում մեկ դրոշի գինը՝ ըստ չափերի եւ որակի,
4. ըստ վարչական շրջանների եւ Երեւանի քաղաքապետարանի շենքի համար առանձին որքա՞ն գումար է նախատեսված եղել դրոշների ձեռքբերման համար ու համապատասխանաբար որքա՞ն գումար է ծախսվել 17.12.2013թ. դրությամբ,
5. որքա՞ն դրոշ է գնվել 17.12.2013թ. դրությամբ՝ ըստ վարչական շրջանների եւ Երեւանի քաղաքապետարանի շենքի համար առանձին,
6. որքա՞ն է կազմում մեկ դրոշի օգտագործման միջին ժամանակահատվածն՝ ըստ վարչական շրջանների եւ Երեւանի քաղաքապետարանի շենքի համար առանձին:
Այս գրության ի պատասխան Երեւանի քաղաքապետի կողմից լիազորված անձից ստացվել է գրություն, որով ներկայացվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի պատասխանը, որում առկա են նշված հարցադրումների վերաբերյալ տեղեկություններ: Մասնավորապես նշվում է, որ Երեւան քաղաքի 2013թ. բյուջեով «Դրոշների տեղադրում» ծրագրով 2013թ.-ի համար ձեռք է բերվել 15200 հատ 1մ x 2մ չափի, 800 հատ 1,5մ x 3մ չափի եւ 1,8մ x 3,6մ չափի ՀՀ դրոշներ, որոնց ձեռքբերման գները համապատասխանաբար կազմել են մեկ հատի համար 1425, 2350 եւ 3650 ՀՀ դրամ:
Դրոշների ձեռքբերման գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության համապատասխան, եւ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ձեւավորում» ՓԲԸ-ն: Պայմանագրի գինը կազմել է 24 միլիոն 989 հազար ՀՀ դրամ: Ձեռք բերված դրոշների որակը սահմանված է եղել ըստ ՀՍՏ50-2012 ստանդարտի:
Նաեւ նշվում է, որ Երեւան քաղաքում մեկ դրոշի օգտագործման ժամանակահատվածը կազմում է 15-20 օր եւ կախված եղանակային պայմաններից՝ փոխվում է ամիսը մեկ կամ երկու անգամ, որի արդյունքում պահպանվում է ՀՀ դրոշի պատշաճ տեսքը:
Փաստացի, ինչպես տեսնում ենք, 4-րդ եւ 5-րդ հարցերին կոնկրետ պատասխաններ չեն տրվել: Միայն նշվել է, որ Երեւան քաղաքի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գերատեսչական շենքերի, դպրոցների, մանկապարտեզների դրոշների փոփոխման գործընթացի ընթացքում օգտագործվել է վերը նշված ծրագրով նախատեսված 24,989 մլն գումարի շրջանակներում ձեռք բերված ՀՀ դրոշները:




























