Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն ի գիտություն է ընդունել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը:

Այնուհետեւ խորհուրդը քննարկել եւ տեխնիկական փոփոխություններ է կատարել խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության հետ գործող պայմանագրում: Վերջինս իրականացնելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային հատվածի մոտ 50կմ երկարությամբ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն:

Զեկուցվել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի բաղադրիչի իրականացման ընթացքի մասին: