Կուտակային կենսաթոշակային համակարգից ավելի շատ կտուժեն բարձր աշխատավարձով քաղաքացիները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իշխող ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: Պնդումներն այն մասին, որ ցածր աշխատավարձով մարդկանց համար ավելի դժվար է գումար կուտակել կենսաթոշակի համար, Բադեյանը սպեկուլյատիվ է կոչել: «Իբրեւ թե այդ 5 տոկոսը պետք է ավելի վատացնի մարդու կյանքը: Սակայն եթե մարդը ստանում է հիսուն հազար դրամ աշխատավրձ, որից 2,5 հազարը վճարում է կենսաթոշակի համար, կարծում եմ, տարբերությունն այնքան էլ մեծ չէ՝ նա ստանում է 50 հազար, թե 47,5 հազար»,-ասել է Բադեյանը:

Այլ հարց է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը չի կարող լուծել կենսաթոշակների հարցը: «Առհասարակ, դա օրենքով չես լուծի: Դրա համար պետք է լավանա տնտեսության վիճակը»,-հայտարարել է ՀՀԿ ներկայացուցիչը: Նա նշել է, որ մեծ խնդրի առաջ են կանգնում նրանք, ովքեր 500 հազարից ավել են վաստակում: «Պատկերացրեք, որ եթե մարդը ստանում է երկու միլիոն աշխատավարձ, պետությունը վճարում է ընդամենը 25 հազար, իսկ 175 հազարը պետք է վճարի քաղաքացին»,-ընդգծել է Բադեյանը:

Ի պատասխան այն հարցին, արդյոք նա ինքը գումար ներդրել է կենսաթոշակային ֆոնդում, նա նշել է, որ ծնվել է մինչեւ 1974-ը, հետեւաբար, բարեփոխումը իրեն չի վերաբերում: Սակայն նա ինքնակամ ընտրել է կուտակային ֆոնդերից մեկը, քանի որ վստահում է պետությանը: