Հայաստանն ու միջազգային հանրություն անում են ամեն բան, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծեն խաղաղ ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի վտանգը միշտ կա, եւ հայկական կողմերը դրան պատրաստ են: «Սակայն օբյեկտիվորեն ներկա պահին ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մենք բավական ցածր ենք գնահատում»,-ասել է նախարարն՝ ընդգծելով, որ ռազմական ճանապարհով ԼՂ խնդիրն արդեն լուծված է. մեզ պարտադրված պատերազմում մենք կարողացանք պաշտպանել մեզ:

Պատասխանելով Ադրբեջանի կատարած դիվերսիայի վերջին փորձի մասին հարցին` Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ուսումնասիրությունները վկայում են` լարված իրավիճակները կապված են ինչ-որ ամսաթվերի կամ հանդիպումների հետ:

 Ըստ նախարարի` տվյալ դեպքում լարվածությունը կապված է Ադրբեջանում նշվող «սեւ հունվարի» հետ: «Նրանք դա անում են, նույնիսկ չհասկանալով, որ այն ժամանակ սեւ օրերը եւ ցեղասպանությունն իրականացվել էր հայ ժողովրդի նկատմամբ», - նշել է Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա` համարժեք պատասխան ստանալով եւ մեծ կորոստներ կրելով, վախենալով, որ հայկական կողմը կարող է պատժել, ադրբեջանական կողմն անկանոն հրաձգություն է կատարում: «Մենք նման կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն դիպուկահարների գործողություններին: Միջազգային կառույցները պետք է համապատասխան ազդեցություն ունենան իրավիճակի վրա: Եվ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ խաղաղ բակացություններն այլընտրանք չունեն», - հայտարարել է նախարարը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am