Միամտություն չկա կարծելու, որ Շիրակի մարզի արդեն նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի պաշտոնանկությունը կապված է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա նշեց, որ այդ բռնության մասին արդեն երկու տարի է, ինչ խոսվում է, սակայն նրան պաշտոնանկ արեցին միայն այժմ: Հարցին, թե հնարավոր է Կարեն Բաբակեխյանի պաշտոնանկությունը ազդի, որպեսզի ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը օբյեկտիվ քննվի, փաստաբանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ դա կարող է ազդել գործի օբյեկտիվ քննության վրա, որովհետեւ չպետք է մոռանալ, որ այս գործով անցնում է նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը դեռ պաշտոնավարում է»,-ասաց Լուսինե Սահակյանը: Փաստաբանը շեշտեց, որ նորություն չէ, որ ոստիկանությունում բռնություն են գործադրում, երբ չեն կարողանում բացահայտել գործը կամ էլ ցանկանում են, որ անձը իր չարած արարքը խոստովանի, ուստի՝ ինքը չի կարծում, թե այս գործը նորմալ ընթացք կստանա, այլապես բազմաթիվ նմանատիպ գործեր կան, դրանցով եւս պետք է ընթացքը փոխվի:

Նա տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) եւ 315-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական անփութություն) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է թե Կարեն Բաբակեխյանը, թե նրա տեղակալ Վահրամ Ենգորյանը, ավելին՝ Կարեն Բաբակեխյանի հետ Հարություն Սարգսյանը առերեսվել է: Երեւանի ոստիկանապետի հարցաքննվելու մասին փաստաբանը տեղեկություն չուներ:

Նշենք, որ Հարություն Սարգսյանի նկատմամբ Շիրակի ոստիկանության մարզային վարչությունում եւ Երեւանում՝ ձերբակալվածների պահման վայրում գտնվելու ժամանակ բռնություններ էին գործադրվել։ Ըստ նրա բացատրության՝ իր նկատմամբ բռնություններ են գործադրել Շիրակի ոտսիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նրա տեղակալը, Երեւանի ոստիկանապետ, իսկ այդ ժամանակ քրեական հետախոզության վարչության պետ Աշոտ Կարապետյանը եւ մի քանի այլ ոստիկաններ։ Լուսինե Սահակյանը նշեց, որ իրենք նյութեր ունեն, որոնք ապացուցում են, որ Աշոտ Կարապետյանը այդ ժամանակ եղել է Շիրակում։ Հարություն Սարգսյանը կոնկրետ նշել էր այն անձանց, ովքեր իրեն բռնության են ենթարկել, ասել է, որ կճաչանի նրանց։ Այդ ոստիկանների շարքում եղել են նաեւ դիմակավորված անձինք։ 

Այդ ժամանակ Հայաստանի դատախազությունից պարզել էին, որ գործի հարուցումը մերվել է։ Ընդհանուր իրավասության դատարանը չէր վերացրել գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Իսկ այժմ Վերաքննիչ դատարանը վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը եւ պարտավորեցրել այդ բռնությունների հետ կապված հարուցել քրեական գործ։ 

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ Կարեն Բաբակեխյանը հարցաքննվել էր ՀՔԾ-ում՝ նաեւ ֆինանսական բուրգի գործի շրջանակներում: