Ազգային Ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», «Հայ ազգային կոնգրեսն» ու ՀՅԴ-ն հայտարարություն են տարաել Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ:
«2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչեւ գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Սա նշանակում է, որ 1974-ին եւ դրանից հետո ծնված աշխատող անձինք չեն խախտել օրենքի պահանջը՝ մինչեւ 2014թ-ի հունվարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ:
Բացի այդ՝ առնվազն մինչեւ 2014թ. մարտի 28-ը գործատուները կարող են չհաշվարկել եւ չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները՝ չկրելով որեւէ պատասխանատվություն:
Ելնելով այս որոշման էությունից, վերահաստատելով օրենքի պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ համակարգված պայքարի կարեւորությունը՝
Կոչ ենք անում
1. Գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում եւ փոխանցում մի կատարեք: Այլապես, աշխատակիցների փաստացի տնօրինվող աշխատավարձերը կնվազեն, աշխատակիցներին կստիպեք այս անորոշության մեջ ընտրություն կատարել կենսաթոշակային ֆոնդերի եւ կառավարիչների միջեւ: Եվ եթե 2014թ. մարտի 28-ի դատաքննությամբ օրենքի վիճահարույց դրույթները ճանաչվեն սահմանադրությանը հակասող եւ անվավեր, դուք եւ ձեր աշխատակիցները կկրեք չվերականգնվող ֆինանսական կորուստներ:
2. 1974 թվականին եւ դրանից հետո ծնված աշխատող բոլոր քաղաքացիներին՝ մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի եւ կառավարիչների միջեւ, հորդորեք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն եւ չփոխանցեն:
3. Գործատուների միություններին եւ արհմիություններին՝ պաշտպանեք ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ, թույլ մի տվեք որեւէ մարմնի կողմից ձեր կազմակերպության անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում:
4. ՀՀ պաշտոնատար անձանց, կառավարությանը եւ Կենտրոնական բանկին՝ դադարեցրեք ապատեղեկատվությունը քննարկվող օրենքի վերաբերյալ, ինչը մենք գնահատում ենք որպես բացահայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրա:
5. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին եւ պայքարող երիտասարդությանը՝ էլ ավելի համախմբված, լայն թափով շարունակեք պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելուն ուղղված գործողությունները:
Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կճանաչի պարտադիր բաղադրիչը Սահմանադրությանը հակասող եւ կառաջարկի խնդրի սահմանադրական լուծման այնպիսի տարբերակ, որը հաշվի կառնի կենսաթոշակային համակարգի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները:
Մենք վճռական ենք շարունակել պայքարը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:




























