ԵԽԽՎ-ում ղարաբաղյան խնդրով ենթահանձնաժողովի ստեղծման նպատակը խորհրդարանական դիվանագիտության մշակումն է: Այս մասին, ըստ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության, հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով, ենթահանձնաժողովում, բացի Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներից, ներկայացված կլինեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող 11 երկրների ներկայացուցիչները: «Մենք պատրաստվում ենք քննարկել երկխոսության ստեղծման եւ հակամարտության լուծման ուղիները: Խնդիրները հայտնի են, դրանք քննարկելու անհրաժեշտություն չկա, մենք երկխոսություն կսկսենք հակամարտության կարգավորման հնարավարության շուրջ: Մեր նպատակն է ավանդ ներդնել հակամարտության կարգավորման մեջ խորհրդարանական դիվանագիտության միջոցով»,- հաղորդել է Չավուշօղլուն:
ԵԽԽՎ նախագահը խոսել է նաեւ շատ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի մասին: Նրա կարծիքով, պատմական հարցերի հետ կապված որոշումների ընդունումը քաղաքական գործիչների գործը չէ: «Դա մասնագետների գործն է: Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում կան պահեր, որոնք պետք է ուսումնասիրվեն պատմաբանների կողմից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Չավուշօղլուն հայտարարել էր, որ մտադիր է անձամբ գլխավորել ենթահանձնաժողովը:
Եթե ադրբեջանական լրատվամիջոցների տարածածը հերթական սուտը չէ, եւ Չավուշօղլուն, մոռանալով որ ինքը ոչ թե Թուրքիայի, այլ ԵԽԽՎ նախագահն է, քննադատում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստերը, լուրջ խնդիրներ է ստեղծում հենց իր համար։ Չէ որ դեռեւս տարիներ առաջ Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդարանական կառույցներից է, որի ներկայիս թուրք նախագահը փաստորեն ցույց է տալիս, որ, մեղմ ասած, իր տեղում չէ։




























