Հունվարի 29-31-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կներկայացնի Հայաստանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու-Դելիում կայանալիք «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են շուրջ 50 երկրների 600 զբոսաշրջային կազմակերպություններ եւ 7500 առեւտրային գործակալներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր եւ քարտեզներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի ներկայացվածությունը հնդկական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել եւ նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:

ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հնդկաստանի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները: