Սեպտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում մեր եվրաբոնդերի եկամտաբերությունը 6,25%-ից նվազել է 5,8%-ի,  հունվարի 29-ին լրագրողներին  ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: «Մեր երկրի եւ նրա ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը բավականին բարձր է, ինչը նշանակում է՝ մենք կարող ենք շուկայից միջոցներ ներգրավել ցածր տոկոսներով», - նշել է նախարարը: Հունվարի 22-ի դրությամբ հաջողվել է հասնել  5,8%-ից բարձր ցուցանիշի, ընդ որում՝ երկրորդական շուկայում դրույքները նվազում են դեկտեմբերի սկզբից: 

Դրա շնորհիվ նախարարությանը հաջողվել է կրճատել նաեւ դրամով պարտատոմսերի դրույքները: «Կրճատումը բավականին զգալի է եղել՝ միջինը 4,5 տոկոս: Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք գումարներ ներգրավել  6,25%-ով, իսկ դա նշանակում է՝ անիմաստ է դրանք 14 – 16%-ով ներգրավելը: Շուկան զգացել է այդ ազդանշանը», - նշել է նախարարը: Այսպես,  հնգամյա պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է  14% -ից մինչեւ 9,99%, 20-ամյաներինը՝  16,4% -ից մինչեւ 11,6%:

Ըստ նախարարի՝ սա զգալիորեն կազդի նաեւ ավանդների եւ վարկերի բանկային դրույքների վրա: «Իհարկե, մենք ակնառու միտումներ ամսվա կամ 2-3 ամիսների ընթացքում  չենք ակնկալում, բայց մինչեւ տարեվերջ կարելի է ինչ-որ բանի սպասել», - ասել է նախարարը:

Հիշեցնենք, 2013թ. սեպտեմբերին Հայաստանն առաջին անգամ 700 մլն դոլարի եվրաբոնդեր էր թողարկել՝ նախնական 6,25% եկամտաբերությամբ: Ներգրավված միջոցների մի մասը օգտագործվել էր 2009թ. Ռուսաստանի հատկացրած կայուն վարկի վաղաժամ մարման համար:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am