Հայկական ապրանքներն առայժմ ավելի հեշտ է ՄՄ արտահանել, քան՝ ԵՄ: Այս մասին հունվարի 29-ին լրագրողներին  ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ Հայաստանը եւ ՄՄ երկրներն ունեն որակի նույնանման ստանդարտներ: Իսկ Եվրագոտու ստանդարտների ամբողջական յուրացումը, եթե ՀՀ-ն ստորագրեր ազատ առեւտրի եւ  ասոցացման համաձայնագիր, մի քանի տարի կպահանջեր: Իսկ հայկական շուկայում եվրոպական ապրանքների համար սահմանափակումները միանգամից կվերանային: 

«Չեմ ցանկանում մեկնաբանել, թե որքանով են տեխնիկական պահանջները ծառայում   նաեւ պաշտպանողական նպատակներին: Փաստը մնում է փաստ.  ամբողջական ներդաշնակեցումը ժամանակ կպահանջեր: Եվ այստեղ բանն այն չէ, որ մենք վատն ենք, իսկ ինչ-որ մեկը՝ ավելի լավը: Պարզապես արմատական փոփոխություններն աշխատատար գործընթաց են: Իսկ ՄՄ-ի դեպքում մենք դրանից ազատված ենք», - պարզաբանել է նախարարը:

Նա հավելել է, որ Հայաստանն այսպես թե այնպես կներդաշնակեցնի իր ստանդարտները եվրոպականի հետ, եւ այստեղ ոչ մի հակասություն չկա: «Այդ ուղղությամբ է շարժվում նաեւ Մաքսային միությունը՝ Եվրոպայի հետ առեւտուրը հեշտացնելու համար: Համապատասխանաբար, մենք էլ կփոխենք ստանդարտները՝ մեր ապրանքները ԵՄ արտահանման ենթակա դարձնելու համար», - ասել է նախարարը: