Ոստիկանությունը պետք է հաղորդում ընդունի NEWS.am-ի հրապարակումն այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 1974-ից հետո ծնված իր աշխատակիցներից, առանց նրանց կարծիքը հարցնելու, գանձել է կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին այսօր` հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Գեւորգ Հայրապետյանը:
«NEWS.am-ի հրապարակումը պետք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Ոստիկանությունը պետք է հետեւի գործին եւ պարզի իրականությունը: ՀԷՑ-ի արածը քրեորեն պատժելի արարք է»,- ասաց իրավաբանը:
Նշենք, որ հունվարի 30-ին NEWS.am-ի հետ զրույցում ՀԷՑ աշխատակից Սարգիս Ալեքսանյանը պատմել էր, որ ընկերությունը, առանց իրենց կարծիքները հաշվի առնելու, գանձել է կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:
Գեւորգ Հայրապետյանի խոսքով` հրապարակումից պարզ երեւում է, որ ճնշումներ կան աշխատողների վրա. «Մի փոքր ավելի համարձակ եղեք եւ դիմեք իրավապահ մարմիններին, իսկ մենք ձեր կողքին կանգնած ենք»:
Նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀԷՑ-ի` փաստական հերքում չտալու դեպքում իրենք պատրաստվում են ակցիաներ անել:
«Եթե ընկերությունը պատշաճ հերքում տա փաստերով, կամ մենք հստակ իմանանք, որ այդ գումարները հետ են վերադարձվել, մենք ոչինչ չենք ձեռնարկի: Հակառակ դեպքում ակցիաներ ենք անելու իրենց շենքի մոտ»,- ասաց Դավիթը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, որոնցից առաջինը վերաբերում է հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը:




























