Մեծ Բրիտանիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Այս մասին ասվում է հայտարարությունում, որը տեղադրված է Հայաստանում բրիտանական դեսպանատան կայքում:

Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջեւ պաշտպանության ոլորտում վաղուց երկկողմ աջակցության ծրագիր կա: 2013-ի սեպտեմբերին նշանակվել է Հայստանում նոր ռազմական կցորդը՝ փոխգնդապետ Նիկ Ուիլքսը, որն էլ գլխավորելու է Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը:

Հայտարարությունում ընդգծվում է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է ապահովել հայ զինծառայողների ուսուցումը: «Վերջին երեք տարիների ընթացքում մենք մեկ հայ կուրսանտի ուղարկել ենք Սանդհյորստի Թագավորական ռազմական ակադեմիա; Այս տարի կադետ Սեւակ Վիրաբյանը մեդալով է պարգեւատրվել՝ նվաճումների համար»,-նշվում է հայտարարությունում:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նաեւ տարբեր թրեյնինգներ է կազմակերպել Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներ համար: