«Գյումրին երբեւէ կրիմինալ համբավ չունի եւ չի ունեցել»,- այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Շիրակի մարզի դատախազության շենքում ընդլայնված կարգով փակ քննարկումից հետո լրագրողներին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, հաղորդում է «ԳԱԼԱ»-ն: 

Շիրակի մարզի դատախազը խնդրել է լրագրողներին մեկ-երկու ստահակների միջին չափի խուլիգանություններին արհեստական մեծ հնչեղություն չհաղորդել: Անդրադառնալով մամուլում մեծ հնչեղություն բարձրացրած վերջին զարգացումներին, որենք կապվում են Վ. Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի անվան հետ, դատախազն ընդգծեց, որ աղմկոտ կամ աղմկահարույց համարել վերջին իրադարձությունը եւս վիճելի է:

«Շատ աղմկոտ հարցեր կան, որոնց շուրջ աղմուկ չի բարձրացվում նաեւ հանրապետության տարբեր տարածքներում: Լրատվամիջոցներին ուղղակի խնդրում եմ՝ արծարծեն հավաստի տեղեկություններ: Կխնդրեմ՝ յուրաքանչյուր ստահակի գործողություն մի՛ պրոպագանդեք: Իրավապահները կաշխատեն, եւ յուրաքանչյուր անձ կունենա իր պատիժը: Պատժի անխուսափելիության հարցում կասկած մի՛ ունեցեք:

Դա թեթեւ խուլիգանություն է, որոնց դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն:

Ոչ ոք չի կարող խուսափել պատասխանատվությունից՝ անկախ զբաղեցրած դիրքից, հոր կամ իր ունեցած հնարավորություններից: Նախկինի մասին չխոսենք, այսօր պետության քաղաքականությունն այլ է, նկատի ունեմ այն, որ եթե նախկինում մեկ-երկու գործեր կան, որ կարող եք ասել՝ մարդիկ ճողոպրել են, հիմա չի լինելու»:

Րաֆֆի Ասլանյանը առանձնակի ընդգծեց նաեւ, որ այդ չակերտավոր հնչեղ գործով հիմա ցուցմունք տվողներ չկան, եւ դա ավելի մեծ խնդիր է: Ըստ նրա՝ ՀՀ բոլոր մարզերում այդ խնդիրը կա, իսկ Գյումրիում ավելի ընդգծված է այն, որ մարդիկ չեն ուզում վատամարդ լինել:

«Իբրեւ թե հնչեղ գործով չկա մեկը, որ գա ցուցմունք տա, իսկ ով քիչ թե շատ ցուցմունք է տալիս, երեք օր հետո արդեն սահմանն հատում է, սա է ամբողջ խնդիրը»: