Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 31-ին, նորից հետաձգվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի գործով դատական նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

«Դատի գնալու ճանապարհին զանգեցին եւ հայտնեցին, որ դատավորը մեկ այլ գործի քննությամբ գտնվում է խորհրդակցական սենյակում»,- ասաց փաստաբանը:

Հարցին` արդյոք դատարանը միտումնավոր ձգձգում է գործը, Ալումյանը պատասխանեց. «Դատավորը ուներ բոլոր հնարավորությունները, որ կազմակերպեր այնպես, որ դատական այս երկու նիստերն իրար չխանգարեին, այսինքն մեր գործը եւ այն գործը, որի համար ինքը գտնվում էր խորհրդակցական սենյակում: Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողներին»:

Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 4-ին:

Նշենք, որ Բուդաղյանների փաստաբանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով քննիչի երեք որոշումները: Նրանք բողոքարկել են քննիչի երկու որոշումները, որոնք վերաբերում էին Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն: Երրորդ որոշումը, որը նրանք բողոքարկել են, վերաբերում էր մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն: