Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ փետրվարի 1-ին քաղաքացիական ակտիվիստ Վրեժ Զատիկյանին եւ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կնոջը՝ Ռուզան Բադալյանին, հրավիրել է ոստիկանության բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրեժ Զատիկյանը:
«Առավոտյան ոստիկանությունից եկել էին մեր եւ Ռուզանենց տուն, բարեբախտաբար տանը չենք եղել: Համար են թողել, զանգեցի Օսիպյանի հետ խոսեցի, նա էլ մեզ հրավիրեց ոստիկանություն»,- ասաց Վրեժը:
Վրեժը փոխոստիկանապետին հրավիրել է տուն, եթե այն անձնական խոսակցություն է. «Օսիպյանն ասաց՝ ընկերական է, դրա համար եկեք ոստիկանություն, բայց չեմ հասկանում՝ ինչպես կարող է ոստիկանությունում ընկերական խոսակցություն լինի»:
Վրեժը համոզված է, որ այս կերպ ցանկանում են խոչընդոտել վաղը կայանալիք ակցիային, որը նվիրված է բոլոր ժամանակների քաղբանտարկյալներին:
«Անակնկալներ էինք պատրաստել, թանկ բաներ ենք պատվիրել, որ սարքեն, բայց հիմա էդ սարքողներն ասում են, որ հիմա արդեն հրաժարվում են, հաստատ ոստիկանների գործն է»,- ասաց ակտիվիստը:
Վրեժն ու Շանթ Հարությունյանի կինն այս պահին գնում են քաղաքապետարան՝ ակցիայի համար թույլտվություն ստանալու, որից հետո կգնան ոստիկանություն:




























