Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը գտնվում է հանրապետությունից դուրս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վաղինակ Գեւորգյանը:

Նրա արտերկրում գտնվելը ոչ մի կապ չունի օֆշորային սկանդալի գործով անցնող գործարար Աշոտ Սուքիասյանի՝ ձերբակալման հետ: Փաստաբանը տեղեկացրեց, որ Փայլակ Հայրապետյանը արտերկրում է անձնական, մասնավորապես՝ առողջական խնդիրների պատճառով, օրերս կվերադառնա հայրենիք: Հարցին, թե ինչ կտա քննությանը Աշոտ Սուքիասյանի հայտնաբերումը, Վաղինակ Գեւորգյանն ասաց հետեւյալը. «Ես կարծում եմ, որ երբ Աշոտ Սուքիասյանին կներկայացնեն նախաքննական մարմնին, կատարվող քննության ընթացքում ամեն ինչ հստակորեն կպարզվի: Այն, որ իրականում Փայլակ Հայրապետյանի գումարները յուրացվել է, հափշտակվել է եւ տարիներով ստեղծված ունեցվածքը այսօր ամբողջությամբ իրենից խլել են ու ինքը ամբողջությամբ դատարկ վիճակում է հայտնվել, որեւէ նյութական միջոց չի պահպանվել  ու այսօր շարունակում է նյութական մեծ վնասներ կրել, դա անհերքելի է, հաստատված ապացույց է: Այն, որ Աշոտ Սուքիասյանը իր գործողություններով է դրան հասել, իսկ թե դրան ովքեր, ինչն են նպաստել, այդ հարցերի պատասխանները կլինեն քննության ընթացքում»,- ասաց Վաղինակ Գեւորգյանը:

Նա նշեց, որ Աշոտ Սուքիասյանի լրատվամիջոցներում հրապարակված նամակներից կարող է ենթադրել, որ նա կգա եւ մութ փաստարկների վրա լույս կսփռի, «ասելու է, թե այդ գումարները որտեղից, փորձելու է նաեւ այդ գումարները վերականգնել՝ իմանալով որ դրանք տասնյակ տարիների ընթացքում Փայլակ Հայրապետյանը՝ իր գերդաստանով, հալալ աշխատանքի արդյունքում է ստեղծվել եւ դա մեկ ակնթարթում, հենց այնպես հափշտակելը, չեմ կարծում, որ որեւէ մեկին կհաջողվի»:

Իսկ թե ինչ կպարզվի վարչապետի եւ Նավասարդ Կճոյանի հետ կապված, փաստաբանն ասաց, որ դեռեւս որեւէ մեկի մասին իրավական գնահատական չի ուզում տալ, վաղ է խոսել այդ մասին: «Կարծում եմ՝ Աշոտ Սուքիասյանը շատ բան կասի»,- հավելեց Վաղինակ Գեւորգյանը:

Նշենք, որ օֆշորային սկանդալում ներգրաված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է: Նրան հայտնաբերել են Թբիլիսիում,  Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում: Այժմ քննարկվում է Աշոտ Սուքիասյանի Հայաստանին արտահանձնման հարցը: