ՀՀԿ-ն առաջարկում է վերականգնել առանց աշխատանքային փորձի ստվերային աշխատողների իրավունքները: ՀՀ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունները մշակել են ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ ՀՀԿ-ի մի շարք այլ պատգամավորներ:
Խորհրդարանում օրինագիծը ներկայացնելիս համահեղինակ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ փոփոխությունները հետեւյալն են. եթե գործատուն հրաժարվել է աշխատանքային պայմանագիր կնքել, աշխատակիցը կարող է դիմել դատարան եւ որպես աշխատանքային փորձ գրանցել իր աշխատանքի ողջ ժամանակահատվածը: Դիմել կարելի է տվյալ գործատուի մոտ ստվերային զբաղվածության ընթացքում կամ աշխատանքն ավարտելուց հետո, սակայն մեկ տարուց ոչ ուշ: «ՀՀ օրենսդրությունում ամբողջովին ձեւակերպված դրույթներ չկան, որոնք աշխատողին իրավունք կտային պահանջել չվճարված աշխատավարձը, եթե գործատուն հրաժարվել է պայմանագիր կնքել: Աշխատողն իրավունք չունի վիճել անբարեխիղճ գործատուի հետ: Մենք ցանկանում ենք նման հնարավորություն տալ», - վստահեցրել է Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ փաստացի զբաղվածությունը կարելի է ապացուցել տարբեր միջոցներով: «Օրինակ` լրատվամիջոցներում լրագրողի զբաղվածությունը կարելի է ապացուցել իր հրապարակումներով: Դա օրինակներից մեկն է: Այլ մասնագիտությունների դեպքում, իհարկե, այլ միջոցներ կլինեն», - հավելել է նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























