Թեեւ Երեւանում կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընկերությունների ընտրության մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված է փետրվարի 6-ը, սակայն որեւէ հայտ առայսօր չի ստացվել: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 3-ին կայացած խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչեւ վերջնաժամկետ շարունակել հանրային իրազեկման աշխատանքները: Անդրադառնալով ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման հարցին՝ քաղաքապետը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին խստորեն վերահսկել գործընթացը:
«Ավտոբուսային եւ միկրոավտոբուսային յուրաքանչյուր երթուղի պետք է առանձին-առանձին ուսումնասիրել եւ վերացնել թերությունները: Տնտեսվարողների կողմից բերվող այս կամ այն պատճառաբանությունը մեզ համար չի կարող ընդունելի լինել: Դա պայմանագրային պարտավորություն է, եւ նրանք պետք է կատարեն այն: Մեզ համար առաջնահերթը եղել եւ մնում է մեր բնակիչների պատշաճ սպասարկումը: Ըստ այդմ, նախ խստորեն պահանջեք նրանցից պատշաճ կատարել ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ իրազեկեք, որ դրանք չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, քաղաքապետարանը կվերանայի տվյալ տնտեսվարողի հետ կնքված պայմանագրերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:




























