Հայաստանի բարեխիղճ գործատուները աշխատանքային եւ կենսաթոշակային օրենսդրությունը կատարում են ոչ նրա համար, որ վախենում են տուգանքներից: Այս մասին փետրվարի 3-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ելույթ ունենալով ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում: Փոփոխություններն առաջարկել են ՀՀԿ-ական պատգամավորները, դրանք չգրանցված աշխատողների համար ստեղծում են աշխատանքային փորձը գրանցելու իրավունքի պաշտպանության հնարավորություն:
Քննարկման ժամանակ հարց էր տրվել, թե պարտավոր է արդյոք անբարեխիղճ գործատուն հատուցել ոչ միայն փորձը (կամ աշխատավարձը, եթե չի վճարել այն), այլեւ թոշակային համակարգի խնայողությունները: Ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընդլայնել է հարցը, խնդրելով պարզաբանել, թե ինչ սահմաններում է գործում կենսաթոշակային նոր բարեփոխումը` Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի վճռից հետո:
«Մինչեւ մարտի 28-ը գործատուները ենթարկվո՞ւմ են արդյոք տուգանքների, եթե իրենց աշխատակիցների անունից վճարումներ չեն կատարում մասնավոր կենսաթոշակային կուտակային հիմնադրամներին: Եվ աշխատողն արդյոք իրավունք ունի՞ հրաժարվել այդ վճարումներից», - հայտարարել է Փաշինյանը:
Ի պատասխան ՀՀ աշխատանքի նախարարը կրկնել է բարեխիղճ գործատուների մասին տեսակետը՝ հավելելով, որ կենսաթոշակային բարեփոխումը գործում է նրանց համար, ովքեր արդեն ընտրել են կենսաթոշակային հիմնադրամը եւ սկսել կուտակային վճարումներ կատարել` ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր: «Բարեխիղճ կուտակողների շարքում նաեւ ես եմ», - հավելել է նախարարը:
Այսպիսով, պարտադիր կուտակային վճարումների պարտավորությունը դեռ բոլորի վրա չի տարածվում, միայն համակարգում ընդգրկվածների՞: Այս հարցին նախարարը չի պատասխանել:
Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը կասեցրել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ: Այս հարցով ՍԴ-ի հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 28-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























