Հայաստանում բնական գազի մարժան անբացատրելիորեն մեծ է: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով դեկտեմբերի երկուսին Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի ուսումնասիրմանն ուղղված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագիծը:
Նա բարձրացրել է նախկինում բազմիցս արծարծված հարց. Հայաստանը սահմանին գազը ստանում է հազար քառակուսի մետրի դիմաց 189 դոլարով, սակայն վերջնական սպառողների համար այդ գումարը կազմում է 393 դոլար: «Որտեղի՞ց է ի հայտ գալիս այդ լրացուցիչ 204 դոլարը: Համեմատեք՝ գազն անցնում է 2500 կմ մինչեւ Հայաստանի սահման եւ սակագինը կազմում է 189 դոլար, սակայն մինչեւ այն սահմանից անցնում է ինչ-որ 100 - 200 կմ, սակագնին ավելանում է եւս 204 դոլար: Ինչպե՞ս դա բացատրել»,-ասել է Մանուկյանը: Նա նկատել է, որ հարեւան Վրաստանում բնակիչները գազի դիմաց վճարում են 120 դրամ: Ընդդիմադրի խոսքով՝ ԵՄ երկրներից միայն 4-5-ում են վճարում ավելին, քան Հայաստանում՝ հաշվի առնելով այդ գազի բարձր կալորիականությունը: «Այդ երկրներում գազի գնի տարբերությունը սահմանին ու հենց երկրի ներսում չի գերազանցում 80 դոլարը»,-ընդգծել է Մանուկյանը:



























