Հայաստանում ջրամատակարար ընկերությունների սպասարկման ոլորտում գտնվող համայնքներին անվտանգ եւ հուսալի ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ դրական տեղաշարժեր են գրանցվել:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զուգահեռաբար ծրագրեր են մշակվում ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող մոտ 560 բնակավայրերի եւ գյուղական համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման եւ զարգացման ուղղությամբ, որտեղ տասնյակ տարիներ ներդրումներ չեն իրականացվել եւ ջրային համակարգերը հայտնվել են անմխիթար վիճակում:
ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկի (KfW) համագործակցության շրջանակներում այս բնակավայրերում առաջին անգամ լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացվում: Արդեն իսկ սկսվել են միջազգային խորհրդատուի աշխատանքները, որի նպատակն է գտնել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի շահագործման եւ պահպանման ինստիտուցիոնալ լուծումներ, հստակեցնել իրավական դաշտը, իրականացնել անհրաժեշտ ներդրումների գնահատումն ու առաջնահերթության սահմանումը:
Ուսումնասիրությունների արդյունքում նշված համայնքներում նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրեր, ինչի արդյունքում կապահովվեն բարենպաստ պայմաններ այս համայնքների ջրային ենթակառուցվածքների կայուն զարգացման համար:




























