Ազգային ժողովի աշխատակազմի 50 աշխատակից գրավոր դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին՝ խնդրելով չգանձել կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

«50 աշխատակից դիմել է Դումանյանին, որ գումարները չպահեն: Դեռ պատասխան չկա»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք հունվարի աշխատավարձից 5% պարտադիր վճարը պահվել էր՝ Գոհար Պողոսյանը հրաժարվեց պատասխանել:

Նշենք, որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնել էր, որ Ազգային ժողովի աշխատակիցները ստորագրահավաք են կազմակերպել կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Այս կասեցումը խնդիրներ է առաջացրել: Կան ընկերություններ, որոնք գանձում են 5% պարտադիր վճարը: Դրանք մեծ մասամբ պետական հիմնարկներն են: