Պետք է պարզել ռուսական գզի պարտքի եւ Հայաստանի իշխանությունների լռության պատճառը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով ներկայացրել է 4 ոչ իշխանական խմբակցությունների (ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՀԱԿ) նախագիծը Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

«3 ամիսների ընթացքում հանձնաժողովը, որտեղ ողջունվում է բոլոր խմբակցությունների մասնակցությունը, իր եզրակացությունը կներկայացնի խորհրդարանին»,-ասել է Մանուկյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը պետք է ունան երկու հիմնական նպատակ՝ պարզել ռուսական գազի ստացումից 300 մլն դոլարի պարտքի գոյացման պատճառները՝ սկսած 2011 թվականից, ինչպես նաեւ թե որքանով է արդարացված գազի միակ մատակարարի մոտ մեծ մարժայի առկայությունը:

«Հայաստանում գազ է օգտագործում 650 հազար բաժանորդ, եւ բոլոր պայմանագրերը գաղտնի են պահվում: Մենք ընդամենը ցանկանում ենք ցրել այն գաղտնիության մթնոլորտը, որը տիրել է այդ խնդրի շուրջ»,-հավելել է Մանուկյանը:

Նա նշել է, որ Հայաստանի հասարակությունը այդ պարտքի մասին իմացել է միայն 2013-ի մայիսին: Երկու տարի ՀՀ կառավարությունը լռություն է պահպանել գազի գնման իրական եւ պաշտոնական գների տարբերության մասին: Արամ Մանուկյանի խոսքով՝ գազի գնի 5 բարձրացում է տեղի ունեցել. 2011-ի 3-րդ եռամսյակում գազի գինը հասել է 205 դոլարի (1000 խմ դիմաց), 2012-ի առաջին եռամսյակում՝ 220 դոլար, երրորդ եռամսյակում՝ 244 դոլար, 4-րդ եռամսյակում 254 դոլար, իսկ 2013-ի ապրիլից՝ 270 դոլար: Սակայն հասարակությունն այդ մասին իմացել է միայն 2013-ի ապրիլին: Մանուկյանը նշել է նաեւ, որ պետք է նաեւ պարզել, թե ինչպես «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը գնահատվել 155 մլն դոլար, որոնք պարտքի դիմաց հանձնվել են ռուսական «Գազպրոմին»: